Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանը խոսել է իր նշանակման, նպատակների և մոտեցման մասին՝ ընդգծելով, որ հիմնական նպատակը ոչ թե արագ արդյունքներն են, այլ երկարաժամկետ կառուցողական աշխատանքը։
«Ինձ պետք էր հավաքականը՝ ես եկել եմ։ Երազել եմ, ես ուզում եմ օգնել։ Չեմ եկել ինչ-որ բան ապացուցելու կամ կայանալու համար։ Ես եկել եմ ստեղծելու, օգնելու, լուծում գտնելու համար։
Գիտեք՝ գալով հավաքական՝ այս ցիկլում ես չէի կարող արդյունքի հետ կապված ինչ-որ բան անել, բայց շատ բաներ կարող եմ անել կառուցողական աշխատանքի համար։ Այդ աշխատանքը արվում է։
Մեր հանդերձարանում մեր եռագույն դրոշն է կախված, մեր օրհներգն են երգում, դուք տեսե՞լ եք, որ Իվուն երգում է հայերեն։
Մի քիչ ինձ վստահեք, որ ես ամեն ինչը անելու եմ ի շահ ազգային հավաքականի։ Ես հայրենասեր մարդ եմ և նվիրված եմ ֆուտբոլին։»,- նշել է Մելիքյանը։
46-ամյա մասնագետը Հայաստանի ընտրանու գլխավոր մարզիչ է նշանակվել օգոստոսի 6-ին։ Նրա պայմանագրի ժամկետն ավարտվում է հաջորդ տարվա նոյեմբերի 30-ին։




























































