Չինաստանի առաջնության երկրորդ դիվիզիոնի «Գուանսի Պինգգո» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան Սեմյուել Ասամոան հանդիպման ժամանակ վզի կոտրվածք է ստացել, հայտնում է talkSport-ը՝ հղում անելով թիմի հայտարարությանը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի օրը։ Ֆուտբոլիստը խաղի ընթացքում մրցակցի հետ բախումից հետո գլխով բախվել է գովազդային վահանակին։ Ակումբը հայտնել է, որ խաղացողը ստացել է վզի ողերի բազմաթիվ կոտրվածքներ և նյարդերի լայնածավալ վնասվածք։ Ավելացվել է նաև, որ գոյություն ունի պարապլեգիայի (վերին կամ ստորին վերջույթների շարժողական ակտիվության կորուստ) ռիսկ։
Նշվում է, որ ֆուտբոլիստը վիրահատվել է և ներկայումս գտնվում է կայուն վիճակում։
31-ամյա Ասամոան «Գուանսի Պինգգոյի» կազմում հանդես է գալիս փետրվարից։ Ֆուտբոլիստն անցկացրել է նաև 6 հանդիպում Տոգոյի հավաքականի կազմում։
























































