Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի գործակալը՝ Վադիմ Օհանյանը, լայնածավալ հարցազրույց է տվել Sport24-ին, որտեղ անդրադարձել է հայ ֆուտբոլիստի «Սաութհեմփթոն» հնարավոր տրանսֆերին և ապագայի վերաբերյալ հարցերին։
«Էդուարդի ցանկությունը նույնն է, ինչ ամբողջ տրանսֆերային պատուհանի ընթացքում՝ գնալ և խաղալ Եվրոպայում։ Նա այդ մասին խոսում է արդեն երեք տարի։ Սկզբում նրան թույլ չտվեցին գնալ «Այաքս», որքանով ես գիտեմ՝ առաջարկ կար «Լենսից», բայց նրանք ասացին, որ դա փոքր ակումբ է։ Հիմա «Սաութհեմփթոնի» հետ կապված իրավիճակը անորոշ է։
Եթե տեղափոխությունը չկայանա, կարծում եմ՝ Էդուարդը շատ կվրդովվի, քանի որ երեք տարի է, ինչ ուզում է հեռանալ, և հիմա կա դա անելու կոնկրետ հնարավորություն։ Եթե նա չցանկանար, կարծում եմ՝ «Դինամոյի» հետ խաղից հետո տված հարցազրույցում չէր ասի, որ խոսելու է Գալիցկիի հետ։ Այս առաջարկից առաջ նա պարզապես կփակեր թեման և չէր պատասխանի նման հարցին։ Էդիկը կոնկրետ հետաքրքրություն ունի «Սաութհեմփթոն» տեղափոխվելու հարցում»։
Գործակալը նաև նշել է, թե որն է գլխավոր խոչընդոտը Սպերցյանի «Սաութհեմփթոն» հնարավոր տեղափոխության հարցում։
«Կա այնպիսի զգացողություն, որ «Կրասնոդարը» սկզբում չէր ուզում Էդիկին ոչ մի տեղ բաց թողնել։ Նրանք որոշել էին, որ նա ոչ մի տեղ չի գնա՝ «Սաութհեմփթոնից» առաջ առաջարկների բացակայության պատճառով։ Վերջին երեք տարիների ընթացքում հենց «Սաութհեմփթոնն» էր, որ ամենամեծ առաջարկն էր արել Սպերցյանի համար։ Ահա թե ինչու ցավալի կլինի, եթե նա ոչ մի տեղ չգնա», – ասել է Օհանյանը Sport24-ի հետ զրույցում։




























































