ԱՄՆ-ում ընթացող ակումբային աշխարհի առաջնության խմբային փուլում պայքարը շարունակվում է: B խմբի երկրորդ տուրում տեղի ունեցան երկու հանդիպումներ, որոնք էականորեն ազդեցին խմբի մրցաշարային աղյուսակի վրա:
Ֆրանսիական ՊՍԺ-ն անսպասելիորեն 0:1 հաշվով պարտվեց բրազիլական «Բոտաֆոգոյին»: Հանդիպման միակ գոլը խփեց 24-ամյա հարձակվող Իգոր Ժեսուսը: Հեղինակավոր ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոյի փոխանցմամբ՝ Ժեսուսը շուտով կտեղափոխվի Եվրոպա՝ միանալով անգլիական «Նոթինգհեմ Ֆորեստին»:
Այս հաղթանակով «Բոտաֆոգոն» վաստակեց 6 միավոր և գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը: ՊՍԺ-ն, ունենալով 3 միավոր, նահանջեց երկրորդ հորիզոնական:
Մյուս խաղում Մադրիդի «Ատլետիկոն» 3:1 հաշվով վստահ հաղթանակ տարավ ամերիկյան «Սիեթլ Սաունդերսի» նկատմամբ: Մադրիդյան ակումբից դուբլի հեղինակ դարձավ Պաբլո Բարրիոսը, ևս մեկ գոլ խփեց Ակսել Վիտսելը: «Սիեթլի» միակ գոլը խփեց Ալբերտ Ռուսնակը:
Այս հաղթանակը «Ատլետիկոյին» բերեց առաջին 3 միավորը՝ հավասարեցնելով ՊՍԺ-ի հետ: «Սիեթլը», կրելով երկրորդ պարտությունը, մնաց առանց միավորի և զբաղեցնում է խմբի վերջին հորիզոնականը:
Խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրը կկայանա հունիսի 23-ին: ՊՍԺ-ն կհյուրընկալվի «Սիեթլին», իսկ «Ատլետիկոն» կմրցի «Բոտաֆոգոյի» հետ: Այս խաղերը վճռորոշ կլինեն խմբից դուրս գալու համար:
Հիշեցնենք, որ ակումբային աշխարհի առաջնությունն անցկացվում է ԱՄՆ-ում և կավարտվի հուլիսի 13-ին: