Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստ Նաիր Թիկնիզյանը, ով հանդես է գալիս մոսկովյան «Լոկոմոտիվում», դժգոհ է իր ներկայիս կարգավիճակից և հայտնել է թիմը լքելու մտադրության մասին՝ առաջիկա ամառային տրանսֆերային պատուհանի ընթացքում: Չնայած համացանցում տարածված լուրերին, թե նա հեռացվել է մարզումներից, Թիկնիզյանը նույն օրը մարզվել է հիմնական կազմում:
Թիկնիզյանի իրավիճակը համեմատվում է Արտյոմ Ձյուբայի դեպքի հետ: Վերջինիս ներկայացուցիչ Լեոնիդ Գոլդմանը նշել է, որ 2023-ին Ձյուբան նույնպես դժգոհություն էր հայտնել «Լոկոմոտիվի» ներքին իրավիճակից, սակայն ակումբի ղեկավարությունը անտեսել էր նրա մտահոգությունները:
«Թիկնիզյանի դեպքը կրկնում է նույն սխալը: Եթե ակումբում նրա հետ մարդկային ձևով խոսեին, նա նման հարցազրույց չէր տա: Ցավոք, «Լոկոմոտիվը» չի սովորում իր սխալներից», – ասել է Գոլդմանը:
Գոլդմանը հավելել է, որ «Լոկոմոտիվի» ղեկավարությունը պետք է ավելի լավ կառավարի կազմի ձևավորումը, ֆուտբոլիստների հետ հարաբերությունները և պայմանագրային հարցերը: Նրա կարծիքով, Թիկնիզյանը բարձրակարգ խեաղացող է, ով հետաքրքիր կլինի ինչպես Ռուսաստանի Պրեմիեր լիգայի, այնպես էլ եվրոպական ակումբների համար:
Ընթացիկ մրցաշրջանում Թիկնիզյանը մասնակցել է 33 հանդիպման, խփել 2 գոլ և կատարել 4 գոլային փոխանցում: