UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման առաջին համար Արման Ծառուկյանը Դուբայում ընթացող Karate Combat 54 գրեփլինգի մրցաշարում պարտության մատնեց ռուս մարզիկ Մագոմեդ Զայնուկովին։
Մենամարտը տեղի է ունեցել մինչև 79.4 կգ բանակցային քաշային կարգում։ Երկու հինգ րոպեանոց ռաունդ տևած մենամարտում Ծառուկյանը միաձայն որոշմամբ հաղթեց UFC-ի թեթև քաշային կարգի գործող չեմպիոն Իսլամ Մախաչևի թիմակցին։
Մենամարտից հետո Արմանը շնորհակալություն հայտնեց երկրպագուներին աջակցության համար և նշեց, որ չի բացառում այս մրցաշարին կրկին մասնակցելու հնարավորությունը։
Հիշեցնենք, որ UFC-ի մարտիկներին թույլատրվում է մասնակցել կազմակերպության սահմաններից դուրս գրեփլինգի մրցումներին։
«Ես մեկ տարի չէի մենամարտել, ուստի ուրախ էի ընդունել մարտահրավերը։ Նա դժվար մրցակից էր, մենք գիտենք, թե ինչ ուժեղ թիմից է նա։ Բայց ամբողջ տասը րոպեների ընթացքում ես փորձում էի հարձակվել, իսկ նա փորձում էր խուսափել ինձնից», – մենամարտից հետո ասաց Արման Ծառուկյանը։
Հիշեցնենք, որ հունվարին Ծառուկյանը մեջքի վնասվածքի պատճառով հրաժարվեց Մախաչևի դեմ տիտղոսային մենամարտից։
Посмотреть эту публикацию в Instagram