«Չելսին» մոտ 200 մլն ֆունտ եկամուտ է գրանցել՝ վաճառելով իր կանանց թիմը և այլ ակտիվներ ակումբի ծնող ընկերությանը։ Այդ քայլը թույլ է տվել խուսափել Պրեմիեր լիգայի շահութաբերության և կայունության կանոնների (PSR) խախտումից 2023/24 մրցաշրջանում։
Ըստ ակումբի՝ կանանց թիմի վաճառքից ստացված եկամուտը գերազանցել է 150 մլն ֆունտը։ Միևնույն ժամանակ, ֆուտբոլիստների վաճառքից 152,5 մլն ֆունտ եկամուտը հնարավորություն է տվել «Չելսիին» գրանցել 129,6 մլն ֆունտի զուտ շահույթ, չնայած ընդհանուր եկամուտը նվազել է 512,5 մլն-ից՝ 468,5 մլն-ի։
«Չելսին» նախկինում էլ օգտագործել է այսպիսի մեխանիզմներ՝ 76,5 մլն ֆունտով վաճառելով երկու հյուրանոց ծնող ընկերությանը։ Սակայն ՈւԵՖԱ-ի ֆինանսական կանոնները արգելում են նման գործարքները, ինչը կարող է խնդիրներ առաջացնել լոնդոնյան ակումբի համար եվրոպական մրցաշարերում։
«Աստոն Վիլան» նույնպես խախտել է ՈւԵՖԱ-ի կանոնները՝ 2023/24 մրցաշրջանում գրանցելով 85,4 մլն ֆունտի վնաս։ Ակումբը հայտարարում է, որ իր գործողությունները համահունչ են ռազմավարական բիզնես պլանին։
Աղբյուրը՝ The Times