Հայաստանի ազգային հավաքականի և «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը պատասխանել է այն հարցին, թե ում է համարում Ռուսաստանի Պրեմիեր լիգայի պատմության լավագույն հայ ֆուտբոլիստը։
«Կարծում եմ՝ լավագույնը եղել է Մովսիսյանը։ Նախ՝ նրա համար, որ նա խաղացել է «Կրասնոդարում»։ Երկրորդ, նա բարձրակարգ հարձակվող էր. շատ գոլեր է խփել և՛ ազգային հավաքականի, և՛ իր ակումբի համար։ Դե, իհարկե, նա իմ կուռքն էր»,- ասել է Սպերցյանը Ռուսաստանի գավաթի խաղարկության մամուլի ծառայությանը տված հարցազրույցում։
Ընթացիկ մրցաշրջանում 24-ամյա խաղացողը «ցուլերի» կազմում անցկացրել է 27 հանդիպում, որոնցում դարձել է 7 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։ Transfermarkt-ի տվյալներով՝ նրա տրանսֆերային արժեքը կազմում է 20 միլիոն եվրո։