Հայաստանի մեդիա ներկայացուցիչները «Նոա» ֆուտբոլային ակումբի հրավերով ժամանել էին «Նոայի» ակադեմիա՝ շրջայցի։
Ակումբի զարգացման տնօրեն Աննա Օհանյանը և գործառնական տնօրեն Գուրգեն Օհանյանը ներկայացրել են միջազգային անձնակազմի աշխատանքները, որոնք մեծ փորձ ունեն բարձրակարգ ենթակառուցվածքների կառավարման ոլորտում։ Նրանք ընդգծել են ենթակառուցվածքների կարևորությունը «Նոայի», ինչպես նաև հայկական ֆուտբոլի զարգացման գործում՝ կարևորելով լրագրողական համայնքին ընթացիկ աշխատանքներին ծանոթացնելու անհրաժեշտությունը։
Շրջայցի ընթացքում ներկայացվել են նոր ու ժամանակակից խաղադաշտերի կառուցման ընթացքը, առկա խաղադաշտերի սպասարկման պայմանները, նոր ձեռքբերված տեխնիկան, որը նախատեսված է մարզադաշտերի խնամքի համար, ինչպես նաև «Phillips» ապրանքանիշի լուսավորության համակարգերը։
Հյուրերը շրջել են և ներսից են հետևել նոր կառուցվող մասնաշենքի շինարարությանը, որը նախատեսված է գլխավոր թիմի համար և ապահովված կլինի բոլոր անհրաժեշտ հարմարություններով։
Մեդիայի ներկայացուցիչները հետևել են նաև գլխավոր թիմի մարզմանը, որի ավարտից հետո «Նոայի» գլխավոր մարզիչ Ռուի Մոտան ակադեմիայի նոր կառուցվող մասնաշենքում հանդիպել է լրագրողների հետ՝ հարցուպատասխանի ձևաչափով։ Պորտուգալացի մասնագետը նշել է, որ շատ երջանիկ է Հայաստանում։ Ֆուտբոլիստները, մարզչական անձնակազմը և աշխատակազմը, ովքեր աշխատում են ակումբում, անում են ամեն ինչ թիմի հաջողության համար։
Հարցին, թե ինչու է ընդունել «Նոայի» հրավերը և տեղափոխվել Հայաստան, Մոտան ընդգծել է, որ հավատացել է նախագծին և ակումբի նախագահի տեսլականին։ Եվ եթե մի քանի տարի անց նրան կրկին ուղղեն այս հարցը, նույն պատասխանը կտա։