ՊՍԺ-ի և Ռուսաստանի հավաքականի դարպասապահ Մատվեյ Սաֆոնովը գումար է փոխանցել Կրասնոդարի երկրամասում նավթամթերքի արտահոսքը մաքրելու համար։ Ֆուտբոլիստը վճարել է կամավորների ճամփորդության համար, ովքեր հավաքել ու Սև ծովի ափից հանել են ավելի քան 50 պարկ մազութ։
«Անապա քաղաքն ինձ շատ ծանոթ է, քանի որ իմ մանկության ընթացքում պապիկիս հետ գնում էի Անապայի մոտ գտնվող առողջարան: Ես գտնվում եմ հեռվում, և ֆիզիկապես օգնելն անհնար է, ուստի կամավորների համար ճամփորդություն կազմակերպելը և գումար փոխանցելը միակ ճիշտ որոշումն է ինձ համար այս պահին։ Ավելին, ես հասկացա, որ այդ գումարն անպայման կուղղվի կամավորների կարիքներին»,- Սաֆոնովի խոսքերն է մեջբերում SHOT-ը։
Դարպասապահը գումարը փոխանցել է Փարիզում գտնվելու ժամանակ։ Թե կոնկրետ որքան գումար է փոխանցել դարպասապահը՝ չի հաղորդվում։
Նշենք՝ մազութով լցանավերի վթարից հետո մոտ 2,4 հազար տոննա նավթամթերք է հայտնվել Սև ծովում: