Հայաստանի ազգային հավաքականի և Մոսկվայի Լոկոմոտիվի պաշտպան Նաիր Թիկնիզյանը Ազգերի լիգայի խաղարկության 6-րդ տուրի Լատվիայի դեմ խաղից հետո (1:2) հայտարարել է հավաքականի իր թիմակից, «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին մոսկովյան ակումբ հրավիրելու ցանկության մասին։ Այս մասին հայտնում է Metaratings.ru-ն։
«Հավաքականի իմ թիմակիցներից կցանկանայի «Լոկոմոտիվ» հրավիրել Էդուարդ Սպերցյանին։ Մենք շատ լավ ենք հասկանում միմյանց, բայց գիտակցում եմ, որ դա անհնար է։
Ես իսկապես հույս ունեմ, որ Սպերցյանը կարիերան կշարունակի եվրոպական առաջնությունում, քանի որ նա թոփ 5 լիգաների մակարդակի խաղացող է։ Ես հաճախ եմ տեսնում Էդիկին և գիտեմ նրա բոլոր որակները։ Նա դրանք շատ լավ մակարդակի է հասցրել»,- Թիկնիզյանի խոսքերն է մեջբերում Metaratings.ru-ն։
25-ամյա խաղացողը Մոսկավայի ԲԿՄԱ-ից տեղափոխվելուց հետո 2021 թվականի օգոստոսից հանդես է գալիս «Լոկոմոտիվում»։ «Երկաթուղայինների» կազմում անցկացրած 108 խաղում պաշտպանը խփել է 16 գոլ և կատարել 16 արդյունավետ փոխանցում։