Լեհաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Միխալ Պրոբեժը մեկնաբանել է Պորտուգալիայի հետ կայացած ՈւԵՖԱ Ազգերի լիգայի A լիգայի խմբային փուլի խաղում 1:5 հաշվով խոշոր պարտությունը։
«Ավելի քան 20 տարի աշխատում եմ որպես մարզիչ, բայց հազվադեպ եմ բախվել այնպիսի դեպքերի, ինչ տեղի ունեցավ այսօր։ Առաջին խաղակեսում մենք վերահսկում էինք խաղը և պահեր ստեղծում, բայց հետո կորցրեցինք Բերեշինսկուն, այնուհետև՝ Բեդնարեկին։ Ունեինք բազմաթիվ խնդիրներ», — Պրոբեժի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Առաջին խաղակեսից հետո հանդիպման հաշիվը չէր բացվել, բայց Լեհաստանի հավաքականը ընդմիջումից առաջ կորցրել էր երկու պաշտպանների՝ Բարտոշ Բերեշինսկուն և Յան Բեդնարեկին, ովքեր վնասվածքներ էին ստացել։ Երկրորդ խաղակեսում պորտուգալացիները կարողացան 5 գնդակ ուղարկել մրցակցի դարպասը՝ սեփականն ընդունելով միայն մեկը։
Կրիշտիանու Ռոնալդուն աչքի ընկավ երկու անգամ, իսկ նրա «մկրատաձև» հարվածով խփած գոլը ներառվել է տուրի լավագույն գոլի թեկնածուների ցուցակում։