ՖԻՖԱ-ն նախատեսում է փոփոխություններ մտցնել ֆուտբոլի կանոններում և հույս ունի ներդնել ֆուտբոլային տեսաաջակցության համակարգ (FVS): Այս անգամ դրանք վերաբերելու են մարզիչներին։ Այս մասին հայտնում է ESPN-ը։
Աղբյուրի համաձայն՝ համակարգը կիրառվել է այս տարի մինչև 20 և 17 տարեկան կանանց աշխարհի գավաթի խաղարկություններում: Այն նաև հաստատվել է Ֆուտբոլի միջազգային ասոցիացիայի խորհրդի (IFAB) կողմից թեստավորման համար: FVS-ը թույլ է տալիս մարզիչներին յուրաքանչյուր խաղում ներկայացնել մինչև երկու հարցում, եթե նրանք կարծում են, որ սխալ է տեղի ունեցել:
ՖԻՖԱ-ի մրցավարների գլխավոր տեսուչ Պիերլուիջի Կոլինան բացատրել է, թե ինչ կարելի է ակնկալել այս համակարգի ներդրումից.
«Կարևոր է հասկանալ, որ FVS-ը VAR չէ, հատկապես ակնկալիքների առումով: Այն կարող է իրականացվել սահմանափակ ռեսուրսներով լիգաներում, որտեղ հեռարձակման համար օգտագործվում է ոչ ավելի, քան չորս տեսախցիկ: Տեսախցիկների սահմանափակ քանակի պատճառով, FVS չի կարողանա ապահովել նույն հնարավորությունները, ինչ VAR-ը:
FVS համակարգը VAR-ից տարբերվում է նրանով, որ թիմի մարզչի խնդրանքից հետո մրցավարը որոշում է, թե արդյոք իր նախնական որոշումը ճիշտ էր: VAR համակարգը դրան չի խանգարում։»,- ասել է Կոլինան։