Երեկ՝ սեպտեմբերի 21-ին, Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվել էր «Ակրոնին» և հաղթել 5:2 հաշվով: «Ցուլերի» կազմում հանդիպմանը մասնակցել էր նաև Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը, ով դուբլ էր ձևակերպել և փոխարինվել 82-րդ րոպեին:
Խաղից հետո հյուրերի ավագը Матч ТВ-ին տված բլից-հարցազրույցում նշել է, որ թիմն «Ակրոնի» դեմ հանդիպմանը մոտեցել էր ճիշտ տրամադրվածությամբ։
«Կարծում եմ՝ հաղթեցինք մեր բնավորության հաշվին: Կարևոր էր այն, որ «Կրասնոդարը» տրամադրված էր մոտեցել այս խաղին: Այսօրվա խաղին նախապատրաստվել էինք այնպես, ինչպես սովորաբար կնախապատրաստվեինք «Զենիթի», «Դինամոյի» կամ «Ռոստովի» դեմ խաղերում: Դա այսօր որոշիչ դեր խաղաց։
2:0 հաշվով հաղթելուց հետո թույլ տվեցինք մրցակցին մեր դարպասի մոտ վտանգավոր պահեր ստեղծել: Լավ է, որ կարողացանք 3-րդ գնդակն էլ խփել և գործը հասցնել հաղթանակի: Այսպիսի հաղթանակները վստահություն են ներշնչում: Կարևոր միավորներ վաստակեցինք»,- ասել է Սպերցյանը:
«Կրասնոդարը» 21 միավորով զբաղեցնում է ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 2-րդ հորիզոնականը:
«Կրասնոդարը» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 28-ին, իսկ մրցակիցը կլինի աղյուսակը գլխավորող Սանկտ Պետերբուրգի «Զենիթը»: