«Ալ-Հիլալի» բրազիլացի հարձակվող Նեյմարը Մադրիդի «Ռեալի» իր հայրենակիցների հետ քննարկել է ՊՍԺ-ում Կիլիան Մբապեի հետ խաղալու իր փորձը։ Աղբյուրի համաձայն՝ Նեյմարը Մադրիդի «Ռեալի» բրազիլացիներին ասել է, որ Մբապեի հետ խաղալը իրական աղետ ու դժոխք է։
«Ռեալի» բրազիլացի խաղացողները Նեյմարի հետ ընկերներ են։ Նեյմարի և Մբապեի միջև միշտ պատերազմ է եղել։ Նեյմարը իր հայրենակիցներին պատմել է ֆրանսիացու հետ խաղալու իր փորձի մասին, որտեղ նա նրանց ասել է, որ Մբապեի հետ խաղալը աղետ է, որ դա դժոխք է»,- Get French Football News-ի խոսքերն է մեջբերում լրագրող Սիրիլ Հանունը։
Հիշեցնենք, որ Նեյմարն ու Մբապեն ՊՍԺ-ում հանդես են եկել 2017-ից 2023 թվականներին, որից հետո բրազիլացին տեղափոխվել է «Ալ-Հիլալ»։ 2024 թվականի ամռանը Մբապեն լքեց ՊՍԺ-ն և պայմանագիր կնքեց Մադրիդի «Ռեալի» հետ։
Ընթացիկ մրցաշրջանում Մբապեն «Ռեալի» կազմում 6 հանդիպում է անցկացրել բոլոր մրցաշարերում, որոնցում խփել է 4 գոլ։