ՈւԵՖԱ Ազգերի լիգայի խաղարկության երկրորդ տուրի շրջանակում Լատվիայի հավաքականը սեփական հարկի տակ ընդունել է Ֆարերյան կղզիների թիմին և նվազագույն հաշվով հաղթանակ է տարել մրցակցի նկատմամբ:
Հանդիպման միակ գնդակը խաղի 64-րդ րոպեին հեղինակել է լատվիացիների 23-ամյա հարձակվող Ռենարս Վարսլավան:
Այս հանդիպումից հետո Լատվիայի հավաքականն իր առաջին երեք միավորն է վաստակել և 4-րդ խմբում հավասարվել Հայաստանի ընտրանուն, որը երկրորդ տուրի շրջանակում այսօր մրցելու է Հյուսիսային Մակեդոնիայի հավաքականի հետ: Ֆարերյան կղզիները 1 միավորով եզրափակում է աղյուսակը:
Հիշեցնենք՝ առաջին տուրում Լատվիայի հավաքականը Երևանում 4:1 հաշվով ջախջախիչ պարտություն էր կրել Հայաստանի հավաքականից, իսկ Ֆարերյան կղզիները սեփական հարկի տակ 1:1 հաշվով էր ավարտել հանդիպումը Հյուսիսային Մակեդոնիայի հետ:
























































