26-ամյա կիսապաշտպան Սթիվեն Բերգվեյնն «Այաքսից» տեղափոխվել է «Ալ Իթիհադ», հաղորդում է հոլանդական ակումբի պաշտոնական կայքը: Տրանսֆերի արժեքը կազմել է 21 մլն եվրո:
Հոլանդիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանն այդ տեղափոխությունից հետո հայտարարել է, որ այլևս հույս չի կապելու Բերգվեյնի հետ:
«Բերգվեյնն ուղևորվում է Սաուդյան Արաբիա 26 տարեկանում: Հասկանելի է, որ դա կապ չունի մարզական ամբիցիաների հետ: Նրա պատմությունը Հոլանդիայի հավաքականում ավարտված է:
Տեղափոխությունից առաջ նա ինձ ոչինչ չի հարցրել, սակայն պարզ գիտակցել է, թե ինչ կասեի ես նրան»,- Կումանի խոսքերն է մեջբերում De Telegraaf-ը:
Բերգվեյնը Հոլանդիայի ընտրանու կազմում մասնակցել է 35 հանդիպման՝ դառնալով 8 գոլի հեղինակ:
























































