Երևանում կայացել է Ավանդական կարատեի՝ «Արարատ գավաթ» անվանումը կրող 4-րդ միջազգային մրցաշարը, որին մասնակցել է 7 պետությիւններց ժամանած ավելի քան 300 մարզիկներ։
Հայաստանի ավանդական Կարատե-դո ֆեդերացիայի նախագահ Սուրեն Մաթևոսյանի խոսքով «Արարատ գավաթ» միջազգային 4-րդ մրցաշարը հաջողված էր։
Հայաստանի Ավանդական կարատե-դո ֆեդերացիայի նախագահ, մարզաձևի Ասիայի ֆեդերացիայի տեխնիկական տնօրեն Սուրեն Մաթևոսյանը տեղեկացրել է՝ մրցաշարն անցել է շատ բարձր մակարդակի. «Սա իսկապես հպարտանալու առիթ է և մեծ ոգեշնչում, որ «Արարատ գավաթ» 5–րդ մրցաշարն էլ ավելի լայնամասշտաբ է լինելու մասնակից երկրների թվով։ Նմանատիպ միջազգային մրցաշարերը բազմաթիվ առավելություններ են տալիս ինչպես ֆեդերացիաներին, այնպես էլ մարզիկներին։ Միջազգային առաջնության հյուրընկալումը կամ մասնակցությունը բարձրացնում է ֆեդերացիայի վստահությունն ու հեղինակությունը՝ ցուցադրելով բարձր մակարդակներում կազմակերպելու և մրցելու նրա կարողությունը»:
Աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն, աշխարհի գավաթակիր, Ասիայի ֆեդերացիայի խորհրդի անդամ Նարեկ Իսկանդարյանի խոսքով՝ նման միջազգային մրցաշարերը մեծ փորձ են նաև պատանի կարատեիստների համար։
«Մարզիկները մասնակցելով նման մրցաշարերի բացահայտում են իրենց ուժեղ և ինչու ոչ թույլ կողմերը՝ ձեռք են բերում անգնահատելի փորձ՝ մրցելով տարբեր երկրների բարձրակարգ մրցակիցների դեմ, ինչն օգնում է նրանց կատարելագործել իրենց հմտությունը: Միջազգային մրցումների մարտահրավերներն օգնում են մարզիկներին ձեռք բերել ճկունություն, վստահություն և մտավոր ուժ»,-ասել է Նարեկ Իսկանդարյանը:
Պատվավոր հյուրերի թվում էր նաև Ավանդական կարատեի Ասիա աշխարհամասի ֆեդերացիայի նախագահ Իբրահիմ Ալ-Բաքրը:
«Առաջին անգամ եմ Հայաստանում, սիրեցի երկիրը, մարդկանց: Հայ կարատեիստները շատ հմուտ ու պրոֆեսիոնալ են: Մրցաշարին մասնակցում են շատ բարձրակարգ մարզիկներ՝ ոչ միայն Հայաստանից: Ամեն ինչ կազմակերպված էր շատ բարձր մակարդակով։ Կարծում եմ, որ Հայաստանը պատրաստ է ընդունել ավանդական կարատեի ավելի խոշոր մրցաշարեր»,-ասել է Իբրահիմ Ալ-Բաքրը։
Այս տարի Ավանդական կարատեի Հայաստանի հավաքականը մասնակցելու է Պորտուգալիայում կայանալիք աշխարհի առաջնությանը, որին նախնական տվյալներով մասնակցելու է 40 երկրի հավաքական։