Միլանի քաղաքապետ Բեպպե Սալան ասել է, որ չի կորցնում «Սան Սիրոն» փրկելու հույսը «Ինտերի» և «Միլանի»՝ սեփական մարզադաշտեր կառուցելու ծրագրերից հետո։
«Ինձ մի քիչ նյարդայնացնում է մի բան՝ մարզադաշտի հարցը, որում ես չեմ ուզում լինել լավատես կամ վատատես, այլ ունենալ պրագմատիկ դիրքորոշում։ Բայց ես հույս ունեմ, որ լուծում կգտնվի, որը կփրկի «Սան Սիրոն» և կհամոզի ակումբներին, որ այն դեռ կարող է լինել իրենց տունը:
Ամեն ինչ կարելի է անել, այդ թվում՝ մարզադաշտի ձեռքբերումը երկու ակումբների կողմից։ Հարցն այն է, թե արդյոք ակումբները կհամաձայնեն վերանորոգել այն՝ իմանալով, որ WeBuild-ը մեզ բացատրել է, որ այն կարելի է վերանորոգել առանց խաղերի դադարեցման՝ ներկայիս 74 հազարից 4-5 հազար նստատեղ կորցնելով։
Հիմա, երբ ամեն ինչ պարզ է, նրանք պետք է որոշումներ կայացնեն։ Իսկ աշխատանքների դեպքում ո՞վ ավելի լավ կանի դրանք։ Պատասխանը պարզ է՝ մասնավոր անձինք։ Նրանք ավելի շատ հնարավորություններ ունեն, նրանք կարող են դա արագ անել, հուսով եմ»,- Սալայի խոսքերն է մեջբերում TMW-ն։
Հիշեցնենք, որ «Միլանը» նախատեսում է մինչև 2028 թվականը մարզադաշտ կառուցել Միլան նահանգի Սան Դոնատոյում։ «Ինտերը» նույնպես պատրաստվում է տեղափոխվել Ջուզեպպե Մեացցայից:
























































