Իտալիայի հավաքականի դարպասապահ և ավագ Ջանլուիջի Դոննարուման մեկնաբանել է Եվրո-2024-ի 1/8 եզրափակչում Շվեյցարիայից կրած պարտությունը (0:2):
«Ցավալի է այս կերպ դուրս մնալը, մենք ներողություն ենք խնդրում բոլորից: Այսօր մենք հիասթափեցրինք, Շվեյցարիան արժանի էր հաղթանակի։ Մեզ համար դժվար էր ամբողջ խաղը։ Առաջին խաղակեսում մենք շատ հաճախ էինք կորցնում գնդակը և շատ տարածություն թողեցինք Շվեյցարիային։ Շատ բարդ հանդիպում էր, դժվար կլինի այն մարսել։
Արդյոք մեզ պակասո՞ւմ էր համարձակությունը։ Այս խաղում մեզ պակասում էր ամեն ինչ, այդ թվում՝ որակը, առաջին խաղակեսում մենք շատ վատ խաղացինք, մրցակիցն անընդհատ տիրում էր գնդակին։ Երկրորդ խաղակեսը պետք է լավ սկսեինք, բայց անմիջապես գոլ բաց թողեցինք։ Մենք պետք է ընդունենք դա, հիասթափեցրինք»,- Դոննարումմայի խոսքերն է մեջբերում Tuttomercatoweb-ը։
Հիշեցնենք, որ Իտալիայի հավաքականը դարձել էր Եվրո-2020-ի հաղթող, որը կայացել է 2021թ.: Այսպիսով, թիմը չկարողացավ պաշտպանել տիտղոսը։