«Կրասնոդարն» ընկերական խաղում մրցել է Մախաչկալայի «Դինամոյին» և 2 անպատասխան գնդակ է ուղարկել մրցակցի դարպասը:
Մուրադ Մուսաևի թիմի կազմում գոլեր են խփել Ֆյդոր Սմոլովը և Նիկիտա Կրիվցովը։ Ընդ որում, 68-րդ րոպեից «Կրասնոդարը» խաղացել է 10 հոգով:
Հետաքրքիր է, որ հանդիպումն անցել է արտասովոր ձևաչափով. այն բաղկացած է եղել երեք խաղակեսերից, որոնցից երկուսը տևել են 45 րոպե, իսկ մեկը՝ 30 րոպե։
«Կրասնոդարի» կազմում ամբողջական հանդիպում են անցկացրել Հայաստանի հավաքականի ֆուտբոլիստներ Էդուարդ Սպերցյանն ու Գեորգի Հարությունյանը:
Հիշեցնենք, որ Ռուսաստանի Պրեմիեր լիգայի վերջին մրցաշրջանում «Կրասնոդարը» զբաղեցրել է երկրորդ տեղը՝ 30 խաղում վաստակելով 56 միավոր։ Առաջիկա մրցաշրջանում ՌՊԼ-ում հանդես կգա նաև Մախաչկալայի «Դինամոն»։ Դաղստանյան ակումբը Մելբեթի առաջին լիգայում 2023/2024 մրցաշրջանի ավարտին զբաղեցրել է երկրորդ տեղը։