Գերմանիայի ոստիկանությունը երկու տղամարդու է ձերբակալել Վուպերտալ քաղաքից՝ Ֆորմուլա 1-ի աշխարհի յոթակի չեմպիոն Միխայել Շումախերի ընտանիքին շանտաժի ենթարկելու կասկածանքով։ Այս մասին հայտնում է Associated Press-ը՝ հղում կատարելով տեղի դատախազությանը։
Sky News-ը հայտնում է, որ 53-ամյա հայրն ու 30-ամյա որդին ձերբակալվել են մայիսին այն բանից հետո, երբ նրանք Շումախերի ընտանիքի անդամներին ասել են, որ ունեն անձնական գաղտնիք պարունակող ֆայլեր, որոնք մրցարշավորդի հարազատները չէին ցանկանա, որ հրապարակվեր։ Նրանք մի քանի միլիոն եվրո են պահանջել և սպառնացել են տեղեկատվություն հրապարակել Darknet-ում, եթե գումարը չստանան։
Դատախազության տվյալներով՝ կասկածյալներն այս ֆայլերից մի քանիսն ուղարկել են մրցարշավորդի ընտանիքին՝ որպես ապացույց, սակայն վարչությունը չի հայտնում դրանց բովանդակությունը։ Երկու ձերբակալվածներն էլ կալանքի տակ են։ «Եթե նրանք մեղավոր ճանաչվեն, նրանց սպառնում է տուգանք կամ մինչև 5 տարվա ազատազրկում»,- ասել է դատախազ Վոլֆ-Թիլման Բաումերտը:
Հիշեցնենք, որ 2013 թվականի դեկտեմբերի վերջին Շումախերը ծանր վիրավորվեց Ալպերում դահուկ քշելիս և մի քանի ամիս անցկացրեց կոմայի մեջ։ 2021 թվականի սեպտեմբերին Netflix-ում թողարկվեց վավերագրական ֆիլմ, որտեղ Շումախերի կինն ու որդին հայտարարեցին, որ նա ի վիճակի չէ ինքնուրույն շարժվելու և ուրիշների հետ լիարժեք հաղորդակցվելու։
Շումախերը Ֆորմուլա 1-ի յոթակի չեմպիոն է։ Նա բազմաթիվ ռեկորդներ ունի Ֆորմուլա 1-ում` ամենաարագ շրջանների քանակով (77), ինչպես նաև անընդմեջ չեմպիոնական տիտղոսներով (5):