«Նապոլիի» նոր գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեին դուր չի գալիս, որ նեապոլիտանական ակումբի վինգեր Խվիչա Կվարացխելիան դեռևս չի կողմնորոշվում իր ապագայի հարցում։ Այս մասին հայտնում է Football Italia-ն։
Ըստ աղբյուրի, Կոնտեն մտավախություն ունի, որ Կվարացխելիայի, ինչպես նաև «Նապոլիի» պաշտպան և ավագ Ջովանի Դի Լորենցոյի ապագայի հետ կապված անորոշությունը կարող է վատթարացնել մթնոլորտը թիմի հանդերձարանում: Իտալացի մասնագետը 23-ամյա հարձակվողին տեսնում է որպես իր մարզական նախագծի ամենակարևոր խաղացող։
Հիշեցնենք, որ ավելի վաղ վրացի ֆուտբոլիստի շահերը ներկայացնող գործակալ Մամուկա Ջուգելին հայտարարել էր իր հաճախորդի՝ «Նապոլիից» հեռանալու ցանկության մասին՝ առաջնահերթությունը տալով Չեմպիոնների լիգայում հանդես եկող թիմին։ Ջուգելին նաև ասել է, որ Կվարացխելիան առաջարկ ունի ՊՍԺ-ից։ Կվարացխելիայի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի ամառը։
























































