ՀՀ կառավարության այսօրվա նիստում քննարկվել է նաև Հայաստանի և Վրաստանի ֆուտբոլի ֆեդերացիաների՝ ֆուտբոլի աշխարհի 2029 թվականի երիտասարդական առաջնության անցկացման համատեղ հայտ ներկայացնելու նախաձեռնությունը:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է՝ նախնական պայմանավորվածությունը ձեռք է բերվել նախորդ տարի Բաթումիում Վրաստանի վարչապետի հետ հանդիպման ընթացքում: Նրա խոսքով՝ մինչև 2029 թվականը Հայաստանում միջազգային չափորոշիչներին համապատասխան 3 մարզադաշտ կառուցելու խնդիր է դրվում: Ըստ վարչապետի՝ մարզադաշտերից մեկը պետք է նախատեսված լինի նվազագույնը 35 հազար, իսկ մյուս երկու մարզադաշտերը՝ նվազագույնը 10 հազար հանդիսականի համար:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը տեղեկացմամբ՝ քննարկվել է Լոռու և Տավուշի մարզերում երկու մարզադաշտերի ստեղծման հնարավորությունը։ Վանաձորում նախատեսվում է առկա մարզադաշտի վերակառուցում իրականացնել․ նախագծման նախնական աշխատանքներն արդեն մեկնարկել են: Մյուս մարզադաշտը, ամենայն հավանականությամբ, կկառուցվի Իջևանում. դիտարկվում է նախկին մարզադաշտին կից տարածքը: Նախարարի դիտարկմամբ՝ 35 հազար հանդիսականի համար նախատեսված Ազգային ստադիոնի կառուցման հարցն էլ քննարկվում է ակադեմիական քաղաքի ստեղծման շրջանակում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շեշտել է՝ Ազգային մարզադաշտի կառուցումը պետական քաղաքականության նպատակադրումներից է. «2029 թ. ֆուտբոլի աշխարհի երիտասարդական առաջնության հյուրընկալումը, կարծում եմ, մեծ մոտիվացիա կլինի բոլորիս համար: Մարզերում ֆուտբոլային ենթակառուցվածքների ստեղծումը ռազմավարական ծրագիր է: Սպորտին պետք է նայենք նաև որպես տնտեսության ճյուղ, որն անընդհատ պետք է զարգանա»: