«Ֆիորենտինայի» գլխավոր մարզիչ Վինչենցո Իտալյանոն խոսել է հունական «Օլիմպիակոսի» հետ Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչ հանդիպման մասին, որը կկայանա այսօր՝ մայիսի 29-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23:00-ին:
«Մենք բոլորս ուրախ ենք, որ կրկին եզրափակչում ենք: Մենք հնարավորություն ունենք իսկապես կարևոր գավաթ նվաճելու Ֆլորենցիայի, ակումբի և մեզ համար: Հուսով եմ, որ անցյալ տարվա փորձը կօգնի մեզ, հատկապես նախապատրաստման հարցում։ Ես տեսնում եմ, որ խաղացողները հանգիստ են, և չեմ կասկածում, որ նրանք ամեն ինչ կտան։
Պրահայի եզրափակչում կրած պարտությունը դեռ ցավեցնում է ինձ, խաղացողներին և ակումբին։ Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի վերականգնվենք և այս հիասթափությունը թողնենք անցյալում»,- Իտալյանոյի խոսքերն է մեջբերում ՈւԵՖԱ-ի պաշտոնական կայքը։
Նախորդ մրցաշրջանում «Ֆիորենտինան» Կոնֆերենցիաների լիգայի եզրափակիչում պարտվեց անգլիական «Վեսթ Հեմ Յունայթեդին»՝ 1:2: