Իրանի Մազանդարան քաղաքում անցկացվել է խճուղային հեծանվավազքի միջազգային երիտասարդական մրցաշարը, որին մասնակցել են միջկասպյան 9 երկրների ներկայացուցիչներ, նրանց թվում ՝ Հայաստանի թիմը՝ համալրված պատանի հեծանվորդներով:
Եռօրյա պայքարում մասնակիցները հաղթահարել են հաջորդաբար 54 կմ, 70 կմ և 87,5 կմ մրցատարածությունը: Վերջին 9 կմ տարածությունն ունեցել է 16 տոկոս թեքության վերելք: Դժվարին պայքարում մեր պատվիրակները իրենցից 2 – 3 տարով մեծ մրցակիցների դեմ բավականին լավ պայքար են մղել:
Հետաքրքիր է, որ մեկնարկում, ծովի մակերևույթից 700 մ բարձրություն ունեցող 87,5 կմ ճանապարհը եզրագծում արդեն ուներ 2700 մ բարձրություն, այն էլ՝ 16 տոկոս վերելքներով: Թթվածնի խտության նման մեծ տարբերությամբ մրցումային առաջադրանքը կարողացան հաղթահարել մեր հեծանվորդները:
Անհատական մրցավեճին մասնակցած 44 մասնակիցների միջև Հայաստանի հինգ տղաներից Նարեկ Մանուկյանը 11–րդն էր, իսկ նրա թիմակից Էդգար Գրիգորյանը ՝ 19–րդը, որը նույնպես վատ ցուցանիշ չէ:
Երկու օր հետո` մայիսի 23-26–ը, տեղի կունենա խճուղային հեծանվավազքի Հայաստանի առաջնությունը: Լավագույնները կհամալրեն երկրի գլխավոր թիմը, որը կնախապատրաստվի Գերմանիայի Կոտբուս քաղաքում հուլիսի 9 – 14 –ը կայանալիք հրապարակային հեծանվավազքի Եվրոպայի առաջնությանը: Այնուհետև հավաքականը Չինաստանում կմասնակցի օգոստոսի 21 –ին մեկնարկելիք աշխարհի առաջնությանը: