Շոտլանդիայի առաջնության շրջանակում «Սելթիկը» 5-0 հաշվով հաղթեց «Կիլմարնոկին» և ապահովեց չեմպիոնությունն այս մրցաշրջանում։
Սա Գլազգոյի ակումբի տասներկուերորդ տիտղոսն է վերջին տասներեք տարվա ընթացքում: «Սելթիկը» նաև հաջորդ մրցաշրջանում հանդես կգա Չեմպիոնների լիգայում՝ առանց որակավորման փուլի:
Թիմի գլխավոր մարզիչ Բրենդան Ռոջերսը, շատ գոհ է ակումբի հաջողությունից.
«Մենք հանդես եկանք շատ բարձր մակարդակով, թեև հասկանում էինք, որ խաղը հեշտ չի լինելու, հատկապես՝ նման մարզադաշտում։ Ամեն ինչ կար՝ ճնշում, տեխնիկա, արագություն, ուժ, կրեատիվություն, ամեն ինչ»,- Ռոջերսի խոսքերն է մեջբերում BBC Sport-ը։
Գլազգոյի մյուս գրանդը՝ «Ռեյնջերսը» մրցաշրջանը կավարտի երկրորդ տեղում։ Նշենք, որ «Սելթիկն» ընդհանուր առմամբ 54 անգամ է դարձել Շոտլանդիայի չեմպիոն՝ մեկով պակաս «Ռեյնջերսից»։
























































