Արտաշատի մարզադաշտում առաջիկա կիրակի օրը կանցկացվի աթլետիկա մարզաձևի երախտավոր Գառնիկ Ղուկասյանի հիշատակը հավերժացնող միջազգային ավանդական մրցաշարը:
Հավաքականի գլխավոր մարզիչ, վաստակավոր մարզիչ, գիտությունների թեկնածու Գրիգոր Բարսեղյանը ՀԱՕԿ-ի հետ զրույցում ասել է, որ միջոցառումը ընտրական բնույթ կկրի: Աչքի ընկածներով կկազմվի հավաքականը, որն Իզմիրում մայիսի 25-26–ին կմասնակցի Բալկանյան երկրների օլիմպիական վարկանիշային առաջնությանը:
Դրան կհաջորդի հունիսի 7-12–ը Հռոմում կայանալիք Եվրոպայի առաջնությունը, որը նույնպես վարկանիշային է:
Առնվազն 16 աթլետ մեր երկրից կգործուղվի հունիսի 22–ին Ջիբրալթարում նշանակված Եվրոպայի փոքր երկրների առաջնություն:
Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Ռոբերտ Էմմիյանի աջակցությամբ մեր 14 հոգանոց հավաքականը Փարիզում տեղի մարզիկների հետ հունիսի 6-20–ը երկրորդ համատեղ ուսումնամարզական հավաքը կանցկացնի: