«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի առաջնությունում չեմպիոն դառնալու մասին։ Ա Սերիայի ավարտից 5 տուր առաջ «Ինտերը» դարձավ չեմպիոն՝ 33-րդ տուրում 2։1 հաշվով հաղթելով «Միլանին»։
«Հիանալի զգացողություն է, մենք ինչ-որ անհավանական բան արեցինք։ Ամեն օր մենք քրտնաջան աշխատում ենք ավելի ուժեղ դառնալու համար։ Կարծում եմ՝ առաջին մրցաշրջանից, Չեմպիոնների լիգայի առաջին խաղից, երբ հանդիպեցինք Մադրիդի «Ռեալին», որը հետո եզրափակիչում հաղթեց «Լիվերպուլին», լավ մեկնարկը տեսանելի էր, և վերջում մենք նվաճեցինք վեց գավաթ։
Իմ ճամփորդությունը հիանալի ստացվեց: Ես միշտ երախտապարտ կլինեմ «Լացիոյին», որ ինձ հնարավորություն տվեց սկսել աշխատել որպես մարզիչ։ Մեզ մոտ ամեն ինչ լավ էր ընթանում, և ես հիշում եմ կորոնավիրուսի պատճառով ընդհատված առաջնությունը, որում մենք պայքարեցինք մինչև վերջ։ «Լացիոն» ցանկանում էր շարունակել համագործակցությունը, բայց ինչ-որ բան ինձ ասաց, որ փոփոխություններ են անհրաժեշտ։
Շատերն ինձ խորհուրդ չեն տվել գնալ «Ինտեր», բայց ինչ-որ բան ինձ ասում էր, որ հենց այստեղ է պետք գալ: Ես ճանաչում էի ղեկավարությանը, և մենք գիտեինք, որ կարող ենք շարունակել ցիկլը: Դժվար պահերին մենք թույլ տվեցինք քննադատներին խոսել, բայց այսօր նրանք ավելի քիչ կխոսեն»,- Ինձագիի խոսքն է մեջբերել DAZN-ը:
























































