«Ալաշկերտ-2»-ի ֆուտբոլիստ Ահմեդ Ջինդոյանը գրառում է կատարել ֆեյսբուքի իր էջում՝ ներողություն խնդրելով Առաջին խմբի առաջնության 22-րդ տուրի՝ «Ուրարտու-2»-ի հետ խաղի վերջնամասում տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ:
«Բոլորս էլ գիտենք, որ ֆուտբոլն էմոցիոնալ մարզաձև է, ինչի հետևանքով խաղերի անմիջական մասնակիցների՝ ֆուտբոլիստների և մարզիչների նյարդերը երբեմն տեղի են տալիս, սակայն պետք է ձգտենք կառավարել մեր էմոցիաները՝ նմանատիպ միջադեպեր թույլ չտալու համար: Զղջում եմ կատարվածի համար ու ևս մեկ անգամ հայցում Ձեր ներողամտությունը»,- գրել է Ջինդոյանը:
«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբը հավելել է՝ ակումբը նույնպես դատապարտում է նմանատիպ դրսևորումները և քայլեր կձեռնարկի՝ ապագայում այդպիսի միջադեպերից իր ակումբի ներկայացուցիչներին զերծ պահելու համար։
Նշենք՝ «Ալաշկերտ-2»-«Ուրարտու-2» հանդիպումն ավարտվել է ոչ-ոքի՝ 0:0 հաշվով, իսկ խաղավարտին բախում և լեզվակռիվ է տեղի ունեցել Ջինդոյանի և հյուրերի խաղացողներից մեկի միջև, ինչի արդյունքում նաև հայհոյանքներ են հնչել: