Հայաստանի երիտասարդական հավաքականի և «Միկա» ակումբի նախկին դարպասապահ Արմեն Ֆիշյանը Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի երկրամասում վրաերթի է ենթարկել ճանապարհային ոստիկանության աշխատակցին և վարորդին, հայտնում է SHOT տելեգրամյան ալիքը։
Վթարը տեղի է ունեցել մարտի 23-ի առավոտյան։ 36-ամյա Ֆիշյանը վարելով տարանցիկ համարանիշներով ամենագնացը շարժվել է դեպի Միներալնիե Վոդի։ Կովկասյան ավտոճանապարհի 284-րդ կիլոմետրում նա վրաերթի է ենթարկել ոստիկանության լեյտենանտին և վարորդին, որին ճանապարհային ոստիկանության աշխատակիցը կանգնեցրել էր՝ տուգանք նշանակելու համար։ Արդյունքում երկուսն էլ մահացել են։
Ըստ աղբյուրի՝ Ֆիշյանը հեռացել է դեպքի վայրից, սակայն 60 կիլոմետր անցնելուց հետո նրան բերման են ենթարկել: Ձերբակալության ժամանակ նա պնդել է, որ ոչ մեկին չի հարվածել։
Ֆիշյանի դեմ գործ է հարուցվել «Ճանապարհային երթևեկության և տրանսպորտային միջոցների շահագործման կանոնները խախտելու» հոդվածով, նրան սպառնում է մինչև 15 տարվա ազատազրկում։
Ֆիշյանը «Միկայում» հանդես է եկել 2012-ից 2016 թվականներին և թիմի կազմում անցկացրել 22 հանդիպում։ Նա Հայաստանի մինչև 19 տարեկանների հավաքականի հայտացուցակում էր նաև 2005 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում: Նա պրոֆեսիոնալ կարիերան ավարտել է 2016թ. Դրանից հետո նա խաղացել է ֆուտզալի ակումբներում։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: