«Սասուոլոյի» և Իտալիայի հավաքականի կիսապաշտպան Դոմենիկո Բերարդին պատռել է աքիլեսյան ջիլը և շարքից դուրս մնացել մոտ վեց ամսով: Այս մասին հայտնում է իտալական ակումբի մամուլի ծառայությունը։ Հարձակվողը վիրահատության կենթարկվի։ Այսպիսով, Բերարդին չի կարողանա մասնակցել Գերմանիայում կայանալիք Եվրոպայի 2024 թվականի առաջնությանը։
«Այսօր առավոտյան կատարած հետազոտության արդյունքում պարզվել է, որ Դոմենիկո Բերարդին աջ ոտքի աքիլեսյան ջլի պատռվածք ունի։ Երեքշաբթի օրը՝ մարտի 5-ին, ֆուտբոլիստը վիրահատության կենթարկվի»,- ասվում է «Սասուոլոյի» մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։
Բերարդին Իտալիայի հավաքականում հանդես է գալիս 2018 թվականից։ Ազգային հավաքականի կազմում եզրային հարձակվողը դարձել է Եվրոպայի 2020 թվականի առաջնության հաղթող։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը «Սասուոլոյի» կազմում անցկացրել է 18 հանդիպում բոլոր մրցաշարերում, որոնցում դարձել է ինը գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի պայմանագիրը ներկայիս ակումբի հետ ուժի մեջ է մինչև 2027 թվականի հունիսի վերջը։ Ֆուտբոլիստի գնահատված արժեքը, Transfermarkt ինտերնետային պորտալի տվյալներով, կազմում է 20 միլիոն եվրո։