«Ինտերի» գլխավոր մարզիչ Սիմոնե Ինձագին խոսել է Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչում «Լացիոյի» նկատմամբ տարած հաղթանակի (3:0) մասին։
«Տղաներն իսկապես լավ աշխատանք կատարեցին, մենք հիանալի ելույթ ունեցանք: Հիմա մենք եզրափակչում ենք, պետք է փորձենք վերականգնվել երկու օրից, քանի որ «Նապոլիի» դեմ շատ դժվար է լինելու։
Մենք նախկինում երբեք այս ձևաչափով չենք խաղացել, բայց հիմա պետք է հարմարվենք, և ես շնորհավորեցի տղաներին, քանի որ ես իսկապես հաճույք էի ստանում նրանց խաղից։
Միակ բացասական կողմն այն էր, որ մենք ընդմիջման գնացինք ընդամենը 1:0 հաշվով՝ հաշվի առնելով այն ամենը, ինչ արել էինք։ Այնուամենայնիվ, հաղթեցինք 3:0 հաշվով՝ երկու անգամ հարվածելով դարպասաձողին, ուստի ես երջանիկ եմ։
Ֆեդերիկոն հիանալի էր, բայց երբ խաղում ես «Լացիոյի» նման թիմի դեմ, չես կարող կենտրոնանալ միայն մեկ խաղացողի վրա։ Բոլոր նրանք, որոնք խաղացել են, մեծ աշխատանք են կատարել, քանի որ 2-0 հաշիվը կարող է վտանգավոր լինել, եթե մրցակիցը վերադառնա խաղ: Բայց մենք շարունակում էինք ճնշում գործադրել մինչև վերջ»,- Ինձագիի խոսքն է մեջբերել Football Italia-ն:
Իտալիայի Սուպերգավաթի «Նապոլի» — «Ինտեր» եզրափակիչ հանդիպումը կկայանա երկուշաբթի՝ հունվարի 22-ին։ Խաղի սկիզբը՝ Երևանի ժամանակով 23։00։