«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին դժգոհ է Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչի՝ «Ատալանտայի» հետ խաղում Մարկո Դի Բելլոյի մրցավարությունից։
«Միլանը» պարտվեց «Ատալանտային» 1։2 հաշվով։ Ալեքսեյ Միրանչուկի նկատմամբ Ալեխանդրո Խիմենեսի խախտման համար գլխավոր մրցավարը 11 մետրանոց նշանակեց, որն էլ վճռեց հանդիպման ելքը։
«Առաջին խաղակեսը շատ լավ խաղացինք, արժանիորեն բացեցինք խաղի հաշիվը, բայց դրանից հետո չափազանց վատ էինք գործում։ Մենք պետք է շատ ավելի լավ գործեինք պաշտպանությունում, երբ «Ատալանտան» հավասարեցրեց հաշիվը: Բայց ճշմարտությունն այն է, որ 11 մետրանոց չկար, իսկ դա փոխեց ամեն ինչ: Դրանից հետո մենք կորցրեցինք խաղի վերահսկողությունը։
Հիմա շատ է խոսվում VAR-ի մասին, բայց 11 մետրանոց չկար։ Մեր խաղացողը առաջինը խաղաց գնդակին, իսկ «Ատալանտայի» խաղացողը սկսեց ընկնել հպումից առաջ։ Տհաճ երեկո է։
Մենք կարող էինք ավելի լավ արձագանքել։ Հասկանում եմ ֆուտբոլիստների դժգոհությունը, որ այդքան լավ խաղից հետո նրանք պարտվեցին 1:2 հաշվով, բայց դեռ շատ ժամանակ կար հաղթելու համար։ Մենք չօգտվեցինք ստեղծված հնարավորություններից»,- Sport Mediaset-ի եթերում ասել է «Միլանի» գլխավոր մարզիչը։