ՀՖՖ նախագահի թեկնածու Արաս Օզբիլիսը եզրափակիչ ելույթում ընդգծեց՝ հայկական ֆուտբոլը պետք է թափանցիկ լինի, որ խոսելիս մեկը չասի՝ խաղը ծախված էր կամ պայմանավորված էր:
«Այսօր ավարտվում է ՀՖՖ նախագահի ընտրության մրցապայքարը, որը շատ հաջողված եմ համարում։ Վերջին շաբաթների ընթացքում ստացել եմ շատ մեծ աջակցություն, ինչի համար շնորհակալություն եմ հայտնում։ Բայց նաև վերջին շաբաթների ընթացքում լսել եմ շատ տարբեր կարծիքներ։
Ես սկսել եմ ֆուտբոլ խաղալ, որովհետև ֆուտբոլ սիրում եմ։ Եկել եմ ազգային հավաքական, քանի որ իմ երկիրը սիրում եմ։ 2019 թվականին ունեի շատ տարբեր առաջարկներ, բայց եկել եմ ապրելու և խաղալու Հայաստանում, որովհետև ես իմ հայրենիքը սիրում եմ։
Գիտեմ, որ կարող եմ դեպի դրականը փոխել մեր ֆուտբոլը։ Վճռական եմ, որ հայկական ֆուտբոլը թափանցիկ լինի, ու խոսելիս անգամ մեկը չասի, թե խաղը ծախած էր, կամ պայմանավորված։ Ես արդար աշխատելու եմ բոլոր ակումբների հետ։ Ֆեդերացիան տեղյակ է լինելու բոլոր ակումբների դարդ ու ցավերից։ Անելու եմ հնարավոր ամեն ինչ ձեզ աջակցելու համար։ Եվ ես հավատում եմ, որ դուք էլ եք սկսել ներդրում անել ֆուտբոլում, որովհետև դուք ֆուտբոլ սիրում եք։ Բայց կարծես թե՝ մի քանի մարդկանց մոտ այդ սերը կորել է։ Խնդրում եմ, գտեք այդ սերը»,- ասել է Արաս Օզբիլիսը։