«Ինտերի» և Նիդերլանդների հավաքականի նախկին կիսապաշտպան Ուեսլի Սնեյդերը թերահավատորեն է մոտենում այն հարցին, որ կին մարզիչը կարող է մարզել տղամարդկանց թիմը։
«Ես կանանց դեմ ոչինչ չունեմ, բայց նման գաղափարներով մենք չափն անցնում ենք։ Ես լսում եմ, որ մարդիկ ասում են, որ մենք պետք է ինչ-որ բան փոխենք։ Բայց ինչո՞ւ։ Ի՞նչ պետք է փոխենք։ Եթե դա տեղի ունենա, ուրեմն այդպես էլ պետք է լիներ, բայց մենք չափից դուրս շատ ենք ձգտում դրան: Նույնիսկ այն, որ մենք հիմա խոսում ենք այս մասին, չափից շատ է։ Գուցե մի օր դա ինքնին տեղի կունենա, բայց հիմա մենք պարտադրում ենք այս գաղափարները, ինչը հակաարդյունավետ է»,- Սնեյդերի խոսքն է մեջբերել Sport.es-ը։
Հիշեցնենք, որ Սնեյդերը պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերան ավարտել է 2019 թվականին։ Նրա վերջին ակումբը եղել է քաթարական «Ալ-Ղարաֆան»: Հոլանդացի կիսապաշտպանը հանդես է եկել նաև Մադրիդի «Ռեալում», թուրքական «Գալաթասարայում» և Միլանի «Ինտերում», որի հետ 2010 թվականին հաղթել է Չեմպիոնների լիգան, Իտալիայի առաջնությունը և Իտալիայի գավաթը։