Լիգայի գավաթի եզրափակչում «Ինտեր Մայամին» հաղթեց «Նեշվիլին»։ Հարձակվող Լիոնել Մեսսիի համար սա 44-րդ տիտղոսն է կարիերայում։ Այսպիսով, 36-ամյա արգենտինացին դարձավ պատմության ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը։
«Բարսելոնայի» կազմում Մեսսին դարձել է Իսպանիայի 10-ակի չեմպիոն, 7-ակի գավաթակիր և 8-ակի՝ սուպերգավաթակիր, 4 անգամ հաղթել է Չեմպիոնների լիգան, 3-ական անգամ՝ աշխարհի ակումբային առաջնությունը և ՈՒԵՖԱ-ի Սուպերգավաթը։
ՊՍԺ-ի հետ հարձակվողը երկու անգամ դարձել է Ֆրանսիայի չեմպիոն և մեկ անգամ՝ սուպերգավաթակիր։ Արգենտինայի հավաքականի կազմում Մեսսին դարձել է աշխարհի չեմպիոն, Օլիմպիական խաղերի և Ամերիկայի գավաթի հաղթող, ինչպես նաև 2022 թվականի Ֆինալիսիմոյի և 2005 թվականի պատանեկան Աշխարհի գավաթի հաղթող։
MLS + MX Լիգայի գավաթի եզրափակիչ խաղում հանդիպեցին «Նեշվիլն» ու «Ինտեր Մայամին»։
Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է ոչ-ոքի՝ 1-1 հաշվով։ Հանդիպման հաշիվը 23-րդ րոպեին բացեց արգենտինացի հարձակվող Լիոնել Մեսսին։ Հանդիպման 57-րդ րոպեին տանտերերի կազմում գոլի հեղինակ դարձավ Ֆաբրիս Պիկոն՝ հավասարեցնելով հանդիպման հաշիվը։ Հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում ավելի ուժեղ են գտնվել Մայամիի թիմի ֆուտբոլիստները։