Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Լուկաս Սելարայանը կարիերան կշարունակի Սաուդյան Արաբիայի Պրոֆեսիոնալ լիգայի «Ալ Ֆաթեհ» ակումբում։
Այս մասին հայտնել է ակումբի պաշտոնական կայքը։ Տրանսֆերի գումարի վերաբերյալ տեղեկություն չկա։
Լուկասը դարձել է սաուդյան ակումբի ամենաթանկարժեք ֆուտբոլիստն այս պահի դրությամբ։ Ըստ Transfermarkt-ի՝ հայ ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 7 մլն եվրո։ Թիմում երկրորդն այս ցուցանիշով Բելգիայի հավաքականի և «Լիոնի» նախկին ֆուտբոլիստ Ջեյսոն Դենայերն է՝ 5 մլն եվրո։ Ընդհանուր առմամբ՝ «Ալ Ֆաթեհի» բոլոր ֆուտբոլիստների ընդհանուր տրանսֆերային արժեքը գնահատվում է 25,18 մլն եվրո։
Բացի Դենայերից, «Ալ Ֆաթեհի» կազմում ընդգրկված է ևս մեկ հայտնի ֆուտբոլիստ՝ «Բարսելոնայի» նախկին վինգեր Քրիստիան Տելլոն։
«Ալ Ֆաթեհ» ակումբը հիմնադրվել է 1958 թվականին։ 2012/13 մրցաշրջանում թիմը դարձել է Սաուդյան Արաբիայի չեմպիոն, իսկ 2013/14 մրցաշրջանում՝ սուպերգավաթակիր։
























































