Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում ընթացող ծանրամարտի Եվրոպայի Մ20 և Մ23 առաջնությունում Հայաստանը հերթական մեդալներն է նվաճել։
Մ23 տարեկանների պայքարում Հայաստանի ներկայացուցիչ, 81 կգ քաշային Ռաֆիկ Հարությունյանը երկամարտի 330 կգ (150+180) արդյունքով դարձել է ոսկե մեդալակիր։ Պոկում և հրում վարժություններում ևս Հարությունյանը փոքր ոսկե մեդալներ է նվաճել։
Այս քաշային կարգում Հայաստանի մյուս ներկայացուցիչ Կարեն Մարգարյանը ցույց է տվել երկրորդ լավագույն արդյունքը՝ երկամարտի 323 կգ (145+178) արդյունքով դառնալով արծաթե մեդալակիր։