Երևանում ընթացող ծանրամարտի Եվրոպայի առաջնությունում այսօր Հայաստանը մեկ ներկայացուցիչ ուներ: Կանանց B ենթախմբի 64 կգ քաշայինների պայքարում մրցահարթակ դուրս եկավ Անուշ Արշակյանը:
Արշակյանը, հանդես գալով B ենթախմբում, պոկում վարժությունում հաջող կատարելով միայն առաջին մոտեցումը, գլխավերևում պահեց 80 կգ կշռող ծանրաձողն ու զբաղեցրել էր 8-րդ հորիզոնականը: Հրում վարժությունում Անուշը 104 կիլոգրամ բարձրացրեց երկրորդ մոտեցումից: Այս վարժությունում Արշակյանը 7-րդն էր: Երկամարտում ընդհանուր 184 կգ արդյունքով Արշակյանը զբաղեցրեց 9-րդ տեղը։
B և C ենթախմբերում երկամարտի 202 կգ արդյունքով լավագույնը Իսպանիայի ներկայացուցիչ Անասագաստի Մարտինեսն էր:
Այսօր երեկոյան կանանց 64 կգ քաշայինների պայքարում կանցկացվի A ենթախմբի մրցումները, ինչից հետո այս քաշային կարգում կամփոփվեն վերջնական արդյունքները:
Վաղը՝ ապրիլի 19-ին, ժամը 20:00-ին, Հայաստանի ներկայացուցիչներից մրցահարթակ դուրս կգա Ռաֆիկ Հարությունյանը՝ հանդես գալով 81 կգ քաշային կարգում: