«Չելսիի» սեփականատերեր Թոդ Բոուլին և Բեդադ Էգբալին խոսել են մասնագետ Ֆրենկ Լեմպարդին ակումբի նոր գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։
«Մենք ուրախ ենք ողջունել Ֆրենկի վերադարձը «Սթեմֆորդ Բրիջ»: Ֆրենկը Պրեմիեր լիգայի Փառքի սրահի անդամ է և «Չելսիի» լեգենդ: Մինչ մենք շարունակում ենք մշտական գլխավոր մարզչի մեր որոնումները, ցանկանում ենք ակումբին և մեր աջակիցներին տրամադրել հստակ և կայուն ծրագիր մրցաշրջանի մնացած հատվածի համար: Մենք ցանկանում ենք ապահովել հաջողության բոլոր հնարավորությունները, և Ֆրենկն ունի բոլոր հատկանիշներն ու որակները, որոնք անհրաժեշտ են մեզ եզրագիծ հասցնելու համար:
Շաբաթ օրը մենք կարևոր խաղ ունենք «Վուլվերհեմփթոնի» հետ, իսկ հետո կենտրոնանալու ենք Մադրիդում կայանալիք Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակիչի վրա։ Մենք բոլորս պատրաստվում ենք մեր լիակատար աջակցությունը ցուցաբերել Ֆրենկին, քանի որ մենք ձգտում ենք լավագույն արդյունքի հասնել մնացած բոլոր հանդիպումներում», — ասվում է «Չելսիի» ղեկավարության հայտարարության մեջ:
«Չելսին» ավելի վաղ հայտարարել էր Լեմպարդին մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու մասին։ Ապրիլի 2-ին ակումբը պաշտոնանկ արեց Գրեհեմ Փոթերին, ով թիմը գլխավորում էր սեպտեմբերից։
























































