ԱԱ-2022-ի 1/4 եզրափակչում մրցում են Պորտուգալիայի և Մարոկկոյի հավաքականները։
Առաջին կեսում խաղի տեմպն այնքան էլ բարձր չէր, սակայն 42-րդ րոպեին մարոկկացիների ֆուտբոլիստը ձախ եզրում ստացավ գնդակն ու այն երկար փոխանցումով ուղարկեց դարպասի մոտ գտնվող Էն-Նեիրիին, որն էլ գլխի հարվածով գրավեց Կոշտայի դարպասը։
Պորտուգալիայի հավաքականի աստղ Կրիշտիանու Ռոնալդուն խաղը սկսեց պահեստայինների նստարանին, բայց 51-րդ րոպեին դուրս եկավ խաղադաշտ:
Սակայն հանդիպման մնացած ժամանակահատվածում ո՛չ Ռոնալդուին, ո՛չ էլ Սանտուշի մյուս սաներին չհաջողվեց փրկել Պորտուգալիայի հավաքականին պարտությունից։ Ավելին, ավելացված ժամանակում մարոկկացիները շատ լավ հնարավորություն ունեին իրենց առավելությունը կրկնապատկելու, բայց այդ դրվագում հրաշալի խաղաց դարպասապահ Կոշտան։
Հանդիպման գլխավոր հերոսը դարձավ աֆրիկյան թիմի դարպասապահ Բունուն, ով մի քանի դրվագներում փրկեց իր թիմին վերահաս գոլից։
Մարոկկոն պատմության մեջ առաջին աֆրիկյան հավաքականն է (նաև Արաբական աշխարհի առաջին ներկայացուցիչը), որը դուրս է գալիս ԱԱ-ի կիսաեզրափակիչ։
Ի դեպ՝ Կրիշտիանուի համար այս հանդիպումը 196-րդն էր ազգային հավաքականի կազմում, ինչը նրան թույլ տվեց կրկնել համաշխարհային ռեկորդը հավաքականների մակարդակով, որը մինչ այսօր պատկանում էր քուվեյթցի Բադեր Ալ-Մուտավային: Ոչ մի ֆուտբոլիստ իր հավաքականի կազմում ավելի շատ հանդիպում չի անցկացրել։