Աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին, բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, ինչպես նաև Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին ու հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին այսօր ընդունել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Այսօր հյուրընկալել եմ մարմնամարզության Աշխարհի նորընծա չեմպիոն Արթուր Դավթյանին, բրոնզե մեդալակիր Հարություն Մերդինյանին, ինչպես նաեւ Ֆեդերացիայի նախագահ Գագիկ Վանոյանին ու հավաքականի գլխավոր մարզիչ Հակոբ Սերոբյանին:
Շնորհավորել եւ շնորհակալություն եմ հայտնել նրանց պատմական հաջողությունների առիթով:
Արթուր Դավթյանի եւ Հարություն Մերդինյանի պատմական հաղթանակների արձագանքների մեջ հաճախ էին հանդիպում դիտարկումներ, թե որքան վատ պայմաններում են մարզվում մեր մարզիկները:
Ուզում եմ ընդգծել, որ հիմա կառավարության ֆինանսավորմամբ կառուցվում է Հրանտ Շահինյանի անվան գեղարվեստական մարմնամարզության մարզադպրոցի նոր շենքը, իսկ Ալբերտ Ազարյանի անվան սպորտային մարմնամարզության դպրոցի նոր շենքի նախագծման աշխատանքներն ընթացքի մեջ են՝ Երեւանի քաղաքապետարանի կողմից: Երկու մարզադպրոցներն էլ շահագործման կհանձնվեն 2025 թվականին եւ կհամալրվեն ժամանակակից, չօգտագործված գույքով»,-ասված է վարչապետի ֆեյսբուքյան էջում: