«Փյունիկի» 30-ամյակին նվիրված միջոցառման վերջում՝ պատասխանելով լրագրողների հարցերին, ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը խոսեց նաև հայկական ակումբների ֆինանսական վիճակի և եվրագավաթներից ստացվող գումարների մասին։
«Եթե ֆուտբոլային ակումբը հստակ արժեքներ ու փիլիսոփայություն չունի, չի կարող հասնել իր զարգացման կետին։ Ինձնից ժամանակ պահանջվեց հասկանալու՝ ինչպիսին է հայկական ֆուտբոլն ու ինչ լեզվով է այստեղ պետք խոսել։
Իրոք, այսօր Հայաստանում ֆուտբոլը չի կարելի բիզնես համարել։ Իհարկե, կոնկրետ մարդիկ կան, որ պատրաստ են իրենց գումարը ծախսել՝ հասկանալով, որ այդ գումարը հետ չի գալու։ Միայն «Փյունիկը» չի կարող իրավիճակ փոխել, բայց բոլորս միասին եթե ձգտենք դրան, շանս կա։ Հայաստանում միշտ սիրել են ֆուտբոլ։ Մենք շատ տաղանդավոր երեխաներ ունենք, ճիշտ մոտեցում ցուցաբերելու դեպքում այդ երեխաները ֆուտբոլիստ դառնալով կարող են գումար բերել Հայաստանին։ Օրինակ, այսօր, եթե Հենրիխ Մխիթարյանը մի ակումբից այլ ակումբ է տեղափոխվում, իրեն բաց թողած ակումբը որոշակի տոկոս է ստանում և դա մեծ օգնություն է։ Եթե Հենրիխ Մխիթարյանին մոտ տասնյակ ֆուտբոլիստներ ունենանք, դա էլ շատ մեծ օգուտ կլինի։
Դժվարանում եմ ասել, որ այսօր կա հայկական ակումբ, որն օգուտով է աշխատում։ Մեր՝ եվրագավաթներում ցուցաբերած արդյունքներն այս տարի մեզ գումարներ կբերեն ՈՒԵՖԱ-ից, բայց ես պլանավորում եմ այդ գումարն ամբողջությամբ ներդնել ակումբի զարգացման մեջ, երևի մի բան էլ ավելի։ Մանկապատանեկան ֆուտբոլում շատ մեծ ներդրումներ պետք է արվեն։ Մեր ամենամեծ ցավն այն է, որ վերականգնողական կենտրոններ չունենք։ Ֆուտբոլիստները մարզվում են, հանդիպումներ անցկացնում, դա ծանրաբեռնվածություն է, որից հետո եթե վերականգնում չեղավ, նրանք կարող են վնասվածքներ ստանալ ու նույնիսկ թողնել ֆուտբոլը»,- ասաց Սողոմոնյանը։