«Փյունիկի»՝ վերջերս ցուցադրած արդյունքներից հետո երկրպագուները հաճախ են քննարկում թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանին հավաքականի ղեկը վստահելու մասին։
Հայաստանի չեմպիոնի 30-ամյակին նվիրված միջոցառման ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելիս ակումբի սեփականատեր Արթուր Սողոմոնյանը խոսեց նաև այդ մասին։
«Եթե անկեղծ՝ ես չէի ուզենա, որ Եղիշե Մելիքյանը հիմա գլխավորեր Հայաստանի հավաքականը։ Ես էլ եմ աջակցում հավաքականին, բայց մենք «Փյունիկում» դեռ նոր առաջին քայլերն ենք անում, շատ աշխատանք ունենք։ Հուսով եմ, որ վաղ թե ուշ Եղիշե Մելիքյանը կգլխավորի հավաքականը, որովհետև նա իրոք արժանի է դրան։ Նա կարողացավ բնավորություն ստեղծել, թիմ ստեղծել։ Դուք տեսաք, որ նույնիսկ ուժեղ թիմերի դեմ տղաները չէին վախենում պայքարել։ Դա պետք է մեր հավաքականին։ Մենք լավ ֆուտբոլիստներ ունենք, բայց թիմի մոտ մի քանի խաղ ստացվում է, հետո ոչ։
Անկեղծ ասած, չեմ մտածում, որ հիմա հավաքական կհրավիրեն Եղիշե Մելիքյանին. իմ տեղեկություններով՝ նրանք արտասահմանցի մարզիչ են փնտրում։ Եղիշեն արժանի է, բայց կարծում եմ՝ հիմա ժամանակը չէ, մի քանի տարի հետո, գուցե։
Ի դեպ, հավաքականին բաժին հասած խումբը նայելով կարող եմ ասել, որ եթե լավ պատրաստվենք, շանսեր ունենք»,- ասաց Սողոմոնյանը։