Այսօր կկայանան Չեմպիոնների լիգայի խմբային փուլի չորրորդ տուրի հանդիպումները E, F, G և H խմբերում։
Խմբային փուլն արդեն հատել է հասարակածը և արդեն իսկ կարելի է որոշակի պատկերացում կազմել խմբերում տիրող իրավիճակների մասին։

⚽ E խումբ
1․ Զալցբուրգ — 5 միավոր
2․ Չելսի — 4
3․ Միլան — 4
4․ Դինամո Զագրեբ — 3
Շատ հետաքրքիր են դասավորվում իրադարձություններն այս խմբում։ Ակնհայտ ֆավորիտները «Չելսին» ու «Միլանն» էին․․․ բայց, հիշո՞ւմ եք, որ դեռ խմբային փուլի մեկնարկից առաջ մեր անոնսում նշում էինք, որ «Զալցբուրգը» կարող է խառնել երկու գրանդների ծարագրերը։ Ավստրիական ակումբը դեռ պարտություն չունի։ Այսօր հանդիպելու է զագրեբցիներին, ու հաղթանակի դեպքում, պայմանով, որ «Չելսին» ու «Միլանը» ոչ-ոքի կխաղան, էլ ավելի կմեծացնի իր առավելությունը։ Բայց, եկեք պատկերացնենք հակառակը․ հաղթում է «Դինամոն»․․․ ու եթե էլի մյուս խաղում գրանցվի ոչ-ոքի, ապա հենց զագրեբյան թիմը, որը ներկայումս վերջինն է խմբում, դուրս կգա առաջին տեղ․․․ և ևս մեկ պահ՝ իսկ ո՞վ ասեց «Չելսին» ու «Միլանը» ոչ-ոքի կխաղան։ Նախորդ խաղում Փոթերի գլխավորությամբ «Չելսին» վստահ ու տպավորիչ հաղթանակ տարավ միլանցիների նկատմամբ, այնպես որ՝ շատ անկանխատեսելի խումբ է, որտեղ հնարավոր են տարբեր սցենարներ:

⚽ F խումբ
1․ Ռեալ Մադրիդ — 9 միավոր
2․ Շախտյոր — 4
3․ ՌԲ Լայպցիգ — 3
4․ Սելթիկ — 1
Ամենաձանձրալի խմբերից մեկն է F խումբը («Ման․Սիթիի» խմբի հետ միասին)՝ առաջին տեղի համար պայքարում ինտրիգի առումով։ Այսինքն՝ ինտրիգ չկա էլ, «Ռեալի» երկրպագուներին արդեն կարող ենք շնորհավորել փլեյ-օֆֆ դուրս գալու համար, մնում է երկրորդ ուղեգրի ճակատագիրը։ Իսկ այստեղ տեսականորեն կարող է լինել յուրաքանչյուրը, բայց, կարծում ենք, առավել հավանական է, որ դա կլինի «Շախտյորը» կամ «Լայպցիգը», չնայած շոտլանդացիները մեզ հետ կարող են համաձայն չլինել․․․ Համենայն դեպս, այս առումով խումբն արդեն ձանձրալի չի թվում․․․

⚽ G խումբ
1․ Մանչեսթեր Սիթի — 9 միավոր
2․ Բորուսիա Դ․ — 6
3․ Սևիլյա — 1
4․ Կոպենհագեն — 1
Վերևում արդեն խոսեցինք ձանձրալի մրցակցության մասին, նույնն այստեղ է։ Դեռ ավելին, գրեթե երկրորդ տեղի հարցն էլ է լուծված․ քիչ հավանական է թվում, որ «Սևիլյան» մնացած խաղերում կկարողանա ինչ-որ բան փոխել․ մնում է պարզել՝ ո՞ր թիմը կլինի երրորդը, և դա կարող են նույնիսկ անդալուզցիները չլինեն․․․

⚽ H խումբ
1․ ՊՍԺ — 7 միավոր
2․ Բենֆիկա — 7
3․ Յուվենտուս — 3
4․ Մակքաբի — 0
Մինչ ՊՍԺ-ն և «Բենֆիկան» պարզում են, թե ով է խմբում լինելու առաջինը, «Յուվենտուսը», որն, այսպես ասած, դժվար ժամանակներ է ապրում, կփորձի ևս երեք միավոր վաստակել «Մակքաբիի» հետ խաղում։ Այս խմբում դեռ ոչինչ պարզ չէ, և վստահ ենք, որ մրցաշարային լարվածությունն այս կվարտետում կմնա մինչև վերջին տուրը։
⏳ Այսօրվա հանդիպումների ժամանակացույցը
20:45. «Կոպենհագեն» -«Մանչեսթեր Սիթի»
20:45. «Մակքաբի»-«Յուվենտուս»
23:00. «Դինամո Զագրեբ»-«Զալցբուրգ»
23:00. «Միլան»-«Չելսի»
23:00. «Շախտյոր»-«Ռեալ»
23:00. «Սելթիկ»-«ՌԲ Լայպցիգ»
23:00. «Բորուսիա Դ․»-«Սևիլյա»
23:00. ՊՍԺ — «Բենֆիկա»
Վար Բաբայան























































