Վաղը՝ սեպտեմբերի 24-ին, Երևանում կկայանա Ազգերի Լիգայի Բ լիգայի առաջին խմբի Հայաստան-Ուկրաինա հանդիպումը։
Նախախաղային մամուլի ասուլիսի ժամանակ Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովն իր կարծիքն է հայտնել առաջիկա հանդիպման մասին։
«Զինչենկոյի բացակայությունն ազդեց նախորդ խաղի վրա, որում Ուկրաինան պարտվեց Շոտլանդիային։ Երեք առաջատար խաղացողնի բացակայությունը ազդեց այդ խաղի հաշվի վրա։
Կապառոսը բավականին ուժեղ մարզիչ է, հարգում եմ նրան։ Հայաստանի և Ուկրաինայի հավաքականների հնարավորությունները հավասար են այս խաղում։
Շատ կրիտիկական պահ է երկու երկրների համար։ Մահանում են անմեղ մարդիկ։ Ես կարող եմ ասել, որ մենք դեմ ենք այդ իրավիճակին, մենք դեմ ենք պատերազմին։ Ամեն ինչ պետք է լուծվի բանակցությունների սեղանի շուրջ»,- ասել է Ուկրաինայի հավաքականի գլխավոր մարզիչը։
Հայաստան-Ուկրաինա հանդիպումը կկայանա Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում և կմեկնարկի ժամը 17։00-ին:
Հիշեցնենք, որ ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի հանդիպումներին ընդառաջ՝ Հայաստանի ազգային հավաքականը սեպտեմբերի 19-ից սկած մարզական հավաք է անցկացնում ՀՖՖ Տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում։
Սեպտեմբերի 24-ին Երևանում կայանալիք Հայաստան-Ուկրաինա հանդիպումից հետո մեր ընտրանին սեպտեմբերի 25-ին կմեկնի Իռլանդիա, որտեղ կանցկացնի ՈՒԵՖԱ Ազգերի լիգայի 2022/2023 խաղարկության իր վերջին հանդիպումը։ Խաղը կկայանա սեպտեմբերի 27-ին։
























































