Հայաստանի շախմատի հավաքականը ժամանեց հայրենիք: «Զվարթնոց» օդանավակայանում շախմատիստներին դիմավորելու էին եկել ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Սերժ Սարգսյանը, Հայաստանի շախմատի ակադեմիայի հիմնադիր-նախագահ Սմբատ Լպուտյանը, շախմատիստների հարազատներն ու երկրպագուները:
Հիշեցնենք, որ Հայաստանի հավաքականը Օլիմպիադայի 11 տուրերում հաղթել էր Մադագասկարին (4:0), Անդորրային (3:1), Եգիպտոսին (2,5:1,5), Ավստրիային (3:1), Անգլիային (2,5:1,5), Հնդկաստանի երկրորդ թիմին (2,5:1,5) և գլխավոր հավաքականին (2,5:1,5), Ադրբեջանին (3:1), Իսպանիային (2,5:1,5), ոչ ոքի խաղացել ԱՄՆ-ի հետ, պարտվել Ուզբեկստանին (1:3):
Թիմը 19 միավորով դարձել է Օլիմպիադայի արծաթե մեդալակիր: