«Արարատ-Արմենիա» ակումբին է միացել 32-ամյա սերբ պաշտպան Միլոշ Ստամենկովիչը: Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։
Փորձառու ֆուտբոլիստն իր կարիերայի մեկնարկում հանդես է եկել հայրենի՝ սերբական ակումբներում («Պրոլետեր Նովի Սադ», «Մլադենովաց», «Բորչա»), ինչից հետո տեղափոխվել է Հայաստանի Բարձրագույն խմբի առաջնությունում հանդես եկող «Արարատ», որի կազմում անցկացրել է 1 մրցաշրջան, մասնակցել 24 հանդիպման ու դարձել 1 գոլի հեղինակ։
«Արարատի» կազմում անցկացրած մրցաշրջանից հետո Ստամենկովիչը Երևանից տեղափոխվել է Գյումրի ու 2 տարի հանդես եկել մեր ներկայիս գլխավոր մարզիչ Վարդան Բիչախչյանի գլխավորած «Շիրակի» կազմում՝ մասնակցելով ընդհանուր առմամբ առաջնության 42 հանդիպման ` դառնալով 1 գոլի հեղինակ:
2016-ին Հայաստանից հեռանալուց հետո Ստամենկովիչը հաջորդաբար հանդես է եկել Ուկրաինայի ու Ղազախստանի Պրեմիեր Լիգաների թիմերում, ինչպես նաև բելգիական Պրոքսիմուս լիգայի ներկայացուցիչ «Յունիոնում»:
32-ամյա պաշտպանի վերջին թիմը ղազախական «Ակժայկն» էր: