Դանիացի պաշտպան Ռասմուս Քրիստենսենը «ՌԲ Զալցբուրգից» տեղափոխվել է «Լիդս», հայտնում է ակումբի մամուլի քարտուղարությունը։
Անգլիայի Պրեմիեր լիգայում գրանցումը պահպանելուց հետո թիմի գլխավոր մարզիչ Ջեսի Մարշն աշխատում է կազմի ուժեղացման վրա։ Ավելի վաղ ակումբին էր միացել նաև ամերիկացի ֆուտբոլիստ Բրենդոն Աարոնսոնը։
«Սա հսկայական պատմություն ունեցող ակումբ է, որը խաղում է աշխարհի լավագույն առաջնությունում, և ինձ համար ակումբը համապատասխանում է այն ամենով, ինչ ես սիրում եմ ֆուտբոլում»,- մեկնաբանել է իր տրանսֆերը Քրիստենսենը:
Նախորդ մրցաշրջանում 24-ամյա դանիացին «ՌԲ Զալցբուրգի» կազմում անցկացրել է 44 խաղ բոլոր մրցաշարերում՝ դառնալով 10 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։
























































